ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախիջևանյան հատվածում նախկինում ինչ-որ արտառոց միջադեպ կամ դիվերսիոն գործողություն չի հիշում։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով երկու ադրբեջանցի զինծառայողների կողմից ՀՀ սահմանը հատելու դեպքին։
Օհանյանը նշում է, որ թեպետ կրակոցներ եղել են, սակայն սահմանի Նախիջևանի հատվածը համեմատաբար միշտ հանգստ է եղել։
Հայտնել էինք, որ երեկ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են տվել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ավելի ուշ ՊՆ հաստատեց տեղեկությունը` նշելով որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մեկին որոնում են։
«Իմ ղեկավարման ժամանակ նախիջևանյան հատվածում մենք միայն բարելավել ենք մեր դիրքերը։ Շատ տեղեր, որոնք միջդիրքային տարածություններ են եղել` մեր սահմաններում, ըստ անհրաժեշտության մեր դիրքերն առաջ ենք տվել։ Միայն 2018 թվականին, որքան հիշում եմ, Զանգակատան հատվածում և մեկ–երկու հատվածներում ադրբեջանցիներն առաջ են եկել»,–նշեց նախկին նախարարը։
Նրա խոսքով` հայ-ադրբեջանական հարաբերություններում ներկա իրողության և Ադրբեջանի կողմից անընդհատ խախտումների և առաջխաղացման փորձերի (Սյունիքի Տեղ գյուղի հատվածում) պայմաններում հակառակորդի կողմից ցանկացած ներթափանցում պետք է դիտարկվի արտառոց դեպք։
«Կարծում եմ` պաշտպանության նախարարությունը ԱԱԾ-ի ու իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է աշխատանք տանեն, ծառայողական քննություն անցկացնեն պարզելու` արդյոք մոլորվել են ադրբեջանցի զինծառայողները, թե հատուկ խնդրի կատարման համար են եկել, կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են»,–ասաց նա։
Օհանյանն անձամբ հակված է այն մտքին, որ հակառակորդ երկրի զինծառայողները գուցե մոլորվել են` հաշվի առնելով նախիջևանյան հատվածի լեռնաանտառային պայմանները։ Սակայն եթե անգամ խոսքը մոլորվելու մասին է, եթե այդ զինծառայողները սահմանը հատել են Նախիջևանի հիմնական սահմանից, երևույթն արդեն իսկ վատ է։