ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը չի վաճառվի։ Նախագիծը ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկա նիստում։
Ըստ նախագծի՝ «ՄՏՍ Հայաստանի» գործարքը մերժվում է՝ հիմք ընդունելով ԲՏԱ նախարարության իրավասու մարմնի կողմից ստացված գրությունը։
Գրության մեջ նշված է, որ գործարքը կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։
Այսպիսով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկա` ապրիլի 12-ին կայանալիք նիստում կքննարկի «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքը մերժելու հարցը։
Ի դեպ, որոշումը 30-օրյա ժամկետում ենթակա է բողոքարկման հանձնաժողովում, կամ էլ երկամսյա ժամկետում կարող են դիմել ՀՀ վարչական դատարան։
Նշենք, որ մարտի 13–ին ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը Sputnik Արմենիային ասել էր, որ հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստանը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առուվաճառքի թույլտվություն ստանալու համար։
«ՄՏՍ-Հայաստանի» դիմումին ընթացք էր տրվել, քննարկումներ էին արվել։ ՀԾԿՀ–ն դիմել էր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն` իմանալու նրանց դիրքորոշումը։