ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Աշխեն Ղարսլյանը և Կարապետ Բադալյանը վճիռներ են կայացրել, որոնցով անվավեր են ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ին աճուրդները, տեղեկանում ենք դատական իշխանության տելեգրամյան ալիքից։
Ըստ այդ վճիռների` գործարար Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկին մարզպետի որդի Հակոբ Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի 2 հա և 2,4 հա մակերեսով անտառային հողատարածքները։
Հիշեցնենք` Մայրապետյանը 2018 թվականի օգոստոսի 8-ին ձերբակալվեց, այնուհետ կալանավորվեց։ Նույն տարվա դեկտեմբերին նա ազատ արձակվեց։ Ավելի ուշ` 2019 թվականի փետրվարին, հայտնի դարձավ, որ նրան վիրահատել են Գերմանիայում։ Հոկտեմբերի 21-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել Հայաստան գալ։ 2020 թվականի մարտին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։