ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ լրագրող Անի Գևորգյանի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺնախագահի մամուլ խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Դատարանը պարտավորեցրել է Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150.000 դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում, 100.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 7.000 դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է։ Դատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,– գրված է հայտարարությունում։
Նշենք, որ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դիմել էր դատարան կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ հայցով։ Բանն այն է, որ լրագրողը հայտարել էր, թե Ալեն Սիմոնյանը իր նկատմամբ հանցագործություն է իրականացրել և իմ մանկահասակ երեխայի նկատմամաբ թիրախավորում է պատվիրել։
Ծովինար Խաչատրյանը նշել է նաև, որ դատարանը պարտավորեցրել է Անի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում իր «Ֆեյսբուք» սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում։
Ըստ դատարանի պահանջի` հայտարարությունը պետք է տարածվի «Հերքում» վերնագիրով։
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ զրպարտություն պարունակող տեղեկատվության գործով ՀՀ ԱԺ խոսնակի դատարան ներկայացված 11 գործերից երեքն արդեն բավարարվել են և հերքվել են զրպարտություն պարունակող տեղեկությունները, այժմ դատարանում քննվում է նրա կողմից ներկայացված 8 դատական հայց։