ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությանը պատրաստ է գալ Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշեց, որ այս մասին ասվել ու ասվում է ամենաբարձր մակարդակներով։
«Այս հարցերը հիմա քննարկվում են, աշխատանքներ են տարվում այդ հարցի շուրջ։ Արդյունքում մենք կհասկանանք, թե ինչ որոշում է կայացվել»,– նշեց նա։
Խոսելով հայ– ռուսական հարաբերությունների մասին` ՀՀ–ում ՌԴ դեսպանը նշեց, որ երկու երկրների մեջ կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց դա, նրա գնահատմամբ, նորմալ է, քանի որ այն,ինչ միավորում է ՌԴ–ին ու ՀՀ–ին, կմնա ու կլինի ամուր։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական ՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: