Դատավորին վիրավորելու համար Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել

Նաիրի Հոխիկյանը «Ազատագրական շարժման» առաջնորդների մամուլի ասուլիսի ժամանակ (28 դեկտեմբերի, 2021թ). Երևան. Արխիվային լուսանկար
Հոխիկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննսյանին վիրավորելու համար լրագրող Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրվել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր, ըստ որի Հոխիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող իր էջում հրապարակում է կատարել՝ դատավոր Հովհաննիսյանի նկատմամբ վիրավորական արտահայտություններով:
Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է, որ 2023թ մարտի 29-ին` ժամը 16:50-ին, Նարիրի Հոխիկյանը կատարել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավոր Հովհաննիսյանի նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։

Նշենք, որ Հոխիկյանը գրել էր, որ Հովհաննիսյանը «իշխանության պատվեր կատարած և նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր» է։
Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:
Հոխիկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հավելենք, որ Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Փաշինյանի պատվերը կատարված է և իր նկատմամբ քաղաքական շանտաժը գործի է դրված»։
Նշենք, որ Էդգար Հովհաննիսյանը պարտավորեցրել է Նաիրի Հոխիկյանին հերքել վարչապետի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի մասին հրապարակած տեղեկությունը։ Դրանից հետո լրագրողը գրառում է կատարել և հայտարարել, որ դատավորը համարձակություն չի գտել դեմ գնալ վարչապետի ապօրինի հրամանին և արդար դատավարություն անցկացնել։