ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայ–ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հեռանում է պաշտոնից։ Նա այս մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Դարբինյանը նշել է, որ մայիսի 14-ին լրանում է իր` որպես ռեկտոր լիազորությունների ժամկետը։
«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս 5 տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, 2 կողմից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ»,– գրել է նա։
ՀՌՀ ռեկտորն ընդգծել է` չնայած որ իրեն որպես միասնական թեկնածու առաջադրել է համալսարանի ամբողջ անձնակազմը, այնուամենայնիվ ինքը չի մասնակցի ընտրություններին։
Առաջիկայում իր գործունեությանն անդրադառնալով` նա նշել է, որ չի բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը, ինչը ֆինանսական ներդրումներ կպահանջի:
Նշենք, որ Դարբինյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2001 թվականից։