Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը և դրա «պրոյեկցիան» Հարավային Կովկասի ու Հայաստանի վրա սպառնալիք են ՀՀ կենսական շահերի համար, և դրա հիմնական պատասխանատվությունը կրում է հայկական ղեկավարությունը, որի «շնորհիվ» Արևմուտքը գրեթե պատմական հնարավորություն է ստացել թուլացնելու Ռուսաստանի դիրքերը և կազմաքանդելու բուն Հայաստանի անվտանգային համակարգը։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը այսպես է գնահատում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումների շարքը, մասնավորապես ՝ ՀԱՊԿ–ի օգնությունից հրաժարվելը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նախաձեռնած ռազմական միջոցառումներին մասնակցելը և այլն:
ԱՄՆ–ն և Եվրոպան ըմբռնումով են մոտեցել ՀՀ քաղաքական վեկտորի ընտրությանը
Քաղաքագետը վստահ է` Միացյալ Նահանգներում և Եվրոպայում Հայաստանի անվտանգային վեկտորի ընտրությանը ըմբռնումով են մոտենում։ Համենայն դեպս այդպես է եղել մինչև 2018 թվականը, երբ Հայաստանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։ Եվ ՀՀ–ն առանց դաշնակցի հետ որևէ խնդիրների մասնակցել է ՆԱՏՕ–ի զորավարժություններին, զենքերն արդիականացրել ՆԱՏՕ–ի ստանդարտներին համապատասխան։ Մասնակցել է «Քեյֆորի» զորավարժություններին, Արևմուտքի հետ ունեցել է տարբեր մակարդակի համագործակցություններ...
«Քանի որ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ակնհայտ խնդիր չէր դրվում, թե՛ Ռուսաստանից էին սրան նորմալ նայում, թե՛ Արևմուտքում չէին խանգարում, որ մենք համագործակցություն ունենայինք մեր բնական դաշնակիցների հետ։ Քանի տարի է` Իրանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում։ Մենք այն եզակի պետությունն ենք եղել, որ կարողացել է Իրանի հետ գազատար կառուցել և պատժամիջոցների չենք ենթարկվել»,–ասում է Մաթևոսյանը։
ՀԱՊԿ–ի զորավարժությունների կարևորությունն ու ամերիկյան զորավարժության վտանգները
Եթե իրավիճակը դիտարկենք գլոբալ տեսանկյունից, ապա, ըստ քաղաքագետի, Արևմուտքը Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության խնդիր չի դնում, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին: Մոսկվային Հարավային Կովկասում խաղաղություն է պետք գոնե հայ-իրանական սահմանի ՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միակ սահմանի անխափան գործարկման համար: Այս առումով Երևանի և Մոսկվայի արմատական շահերը համընկնում են։ Սակայն Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը հակասում է այդ տրամաբանությանը։ Այսպես` հայկական տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու և դրա ռազմատեխնիկական օգնությունն ընդունելու փոխարեն, Հայաստանը կազմակերպությանը վանում է իրենից՝ դրանով իսկ զրկելով իր բանակին զինանոցը համալրելու լեգիտիմ հնարավորությունից ։
«ՀԱՊԿ–ի զորավարժությունները լեգիտիմ հնարավորություն է տարածաշրջան զորք և զինտեխնիկա բերելու և այն տարածաշրջանում թողնելու։ Բազմաթիվ օրինակներ կան, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են արել և զենքեր են այդ եղանակով տեղափոխել։ Հայաստանն իր մերժումով իրեն զրկեց նոր սպառազինություն ստանալու հնարավորությունից»,–ասում է նա։
Եթե նախկինում արևմտյան երկրների զորավարժություններին մասնակցությունը որևէ խնդիր չի առաջացրել դաշնակցի մոտ, ապա այժմ Հայաստանը ցանկանում է մասնակցել զորավարժությունների, որ գլխավոր թիրախը Ռուսաստանն է։ Եթե անգամ Հայաստանից մասնակցի 5-6 սպա, միևնույնն է` դա դաշնակցի կողմից ընկալվելու է քայլ ընդդեմ ՌԴ–ի։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր «Defender 23» երկամսյա զորավարժությունների անցկացման մասին։ Մասնակից երկրների նախնական ցուցակում ընդգրկված էր նաև Հայաստանը։ Սակայն որոշ ժամանակ անց թարմացված ցուցակից Հայաստանի անունը հանվեց։
ՀՀ–ի անունը Պենտագոնի կայքում հայտնվելը, ինչպես նաև հեռացվելը Մաթևոսյանը պատահական չի համարում։
«Տեխնիկական վրիպակ, մեղմ ասած, հնարավոր չէր, ինչու այլ պետություններ, որոնք «Ա» տառով են սկսվում, իրենք չեն հայտնվել, հենց Հայաստանն է հայտնվել։ Ես չեմ բացառում, որ իրականում պայմանավորվածություն եղել է։ Այստեղ վստահաբար կարելի է ասել` որոշ շրջանակներից` Ռուսաստան, Իրան, Չինաստան, միանշանակ այդ կենտրոններից ինչ-որ արձագանք եղել է։ Պայմանական զանգել, ասել են` ի՞նչ եք անում, ո՞ւմ դեմ եք իրականացնում»,–ասաց նա։
Ռուսական կողմը միջնորդի կարգավիճակը պահպանելու խնդիր ունի
Ի տարբերություն Արևմուտքի, Մաթևոսյանի կարծիքով, Ռուսաստանը այս տարածաշրջանի կոնֆլիկտային գոտիներում աշխատելու տարբեր մեթոդներ ունի։ Մասնավորապես հայ –թուրքական կոնֆլիկտային տրամաբանության շրջանակներում ռուս սահմանապահները վերցրել են պատասխանատվություն` ապահովելու սահմանային անվտանգությունը։
«Ե՞րբ եք լսել, որ հայ–թուրքական սահմանին ինչ–որ միջադեպեր տեղի ունենան»,–հարցնում է նա։
Չնայած դրան` գործող իշխանությունները, հայտարարելով, որ ռուսական 102–րդ ռազմաբազան վտանգ է ներկայացնում ՀՀ–ի համար, Արևմուտքին պատմական շանս են տվել Հայաստանի ձեռքերով ոչնչացնելու ՀՀ անվտանգային համակարգը, ՀՀ սահմանների լեգիտիմացման համակարգը և Հարավային Կովկասից դուրս բերել ռուսական ռազմական ներկայությունը։ Ինչին Արևմուտքը ամեն գնով փորձելու է հասնել։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական կոնֆլիկտին,Մաթևոսյանը հիշեցնում է, որ ռուսական կողմը խնդիր ունի պահպանելու միջնորդի կարգավիճակը։ ՌԴ–ն չի կարող անել հայտարարություններ, որոնք երկու կողմից կարող են ընկալվել որպես կողմնակալ դիրքորոշման դրսևրում։
«Հստակ օրինակ` անցյալ տարեվերջին, երբ Մակրոնը հարցազրույցում հանդես եկավ, Ադրբեջանին արդարացիորեն մեղադրեց, Ադրբեջանը չմասնակցեց այն բանակցություններին, որտեղ Ֆրանսիան միջնորդ պետք է հանդիսանար, խոսքը Պրահայի մասին է։ Երբ մենք պահանջում ենք մեր սրտին հաճո քաղաքական հայտարարություններ Ռուսաստանից, մենք պետք է հասկանանք, թե դա բանակցային գործընթացի վրա ոնց է ազդելու»,–նշեց քաղաքագետը։
Ադրբեջանի բառապաշարը փոխվել է` «Զանգեզուրի միջանցքը» դարձել է «Արևմտյան Ադրբեջան»
Ադրբեջանը, ինչպես 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ զգալով հայ-ռուսական փոխհարաբերությունները ունեն ճեղքեր, օգտագործեց այդ իրավիճակը և պատերազմական գործողություններ իրականացրեց Արցախում, այժմ էլ օգտվելով ներկա վատ հարաբերություններից` կարող է իրականացնել «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորումը։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Ադրբեջանի բառապաշարը փոխվել է «Զանգեզուրի միջանցքից» օրակարգային խնդիր է «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորումը։ Դա նշանակում է ՀՀ տարածքի հաշվին քվազի պետություն ձևավորել։
«Ադրբեջանը կարող է այդ տրամաբանությամբ շարժվել, սա պատմական ողբերգություն է։ Շատ բարդ է հավատալ, որ ցեղասպանությունը ազգային ընտրություն է, որովհետև չի կարող 110 տարի հետո 2-3 անգամ ընտրել այն ճանապարհը, որը կտանի ցեղասպանության»,–ասաց նա։
Մաթևոսյանն ընդգծում է, որ եթե այս իրավիճակում ՀՀ իշխանությունների հույսը Եվրոպան է, այդ երկրները կարող էին Ուկրաինայի օրինակով այստեղ զորք, զինտեխնիկա կամ գումար ուղարկել, որպեսզի արդիականացվեր անվտանգային համակարգը կամ գոնե ագրեսոր պետության նկատմամբ պատժամիջոց կիրառեին։ Սակայն նրանք հայտարարել են, որ դա չեն անելու, այնպես որ այդ տարբերակն արդեն դուրս է մղվել։