ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Միջուկային պատրաստության ստուգման «Global Thunder 23» հրամանատարաշտաբային զորավարժությունները կսկսվեն ապրիլի 11-ին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարությանը (STRATCOM)։
Զորավարժությունները, որոնք անցկացվում են ամեն տարի, STRATCOM-ի ողջ կազմի, ինչպես նաև նրան ենթակա կազմավորումների պատրաստվածության ստուգում կներառեն:
Ամերիկացի զինվորականներից բացի, զորավարժանքներին կմասնակցեն «առանցքային դաշնակիցներն ու գործընկերները», այդ թվում Մեծ Բրիտանիայի զինվորականները:
Առաջիկա զորավարժությունների նպատակն է միջուկային պատրաստվածության բարձրացումը և ռազմավարական զսպման անվտանգ ու հուսալի ուժերի ապահովումը:
«Դրանք ամենամյա զորավարժություններ են և պատասխան չեն այլ երկրների կամ խաղացողների որևէ գործողության», - ընդգծել է հրամանատարությունը:
Զորավարժությունների տևողության և անցկացման վայրի մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմավարական համակարգերի ծրագրերի տնօրեն Ջոն Վուլֆը Կոնգրեսի կոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սպառազինության մեջ նոր միջուկային հնարավորություններ չունի, բայց աշխատանքներ է տանում արդիականացման ուղղությամբ: