Ամերիկյան էսկադրային ականակիրը կրկին մտել է Հարավչինական ծովի վիճելի ջրատարածք

Էսկադրային ականակիր
Ըստ զինվորականների` նավն այդ տարածքում է հայտնվել նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Ամերիկյան «USS Milius» էսկադրային ականակիրը երեկ անցել է Հարավչինական ծովում գտնվող Նանշա (Սպրատլի) վիճելի կղզիների կողքով: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի մամուլի ծառայությանը։
Ինչպես նշել են զինվորականները, նավն այդ տարածքում է հայտնվել նավագնացության ազատության ապահովման նպատակով։
«Գործողության ավարտից հետո «USS Milius» էսկադրային ականակիրը դուրս է եկել տարածքային հավակնությունների գոտուց և վերադարձել Հարավչինական ծով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան կողմը կարծում է, որ Հարավչինական ծովում անօրինական և մասշտաբային սահմանափակումները լուրջ սպառնալիք են նավարկության և թռիչքների ազատության համար:
Մարտին արդեն հաղորդվել էր, որ «USS Milius»-ը մտել է վիճելի Սիշա կղզիների ջրատարածք։ ՉԺՀ-ն նման թույլտվություն չէր տվել ԱՄՆ-ին։
Պեկինը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների հետ տասնամյակներ շարունակ վիճում է Հարավչինական ծովի մի շարք կղզիների տարածքային պատկանելության շուրջ, որոնց շելֆում ածխաջրածինների զգալի պաշարներ են հայտնաբերվել:
Տարածաշրջանային իրավիճակը հաճախ բարդանում է, երբ այդ տարածք են անցնում ԱՄՆ ռազմանավերը, որոնք, Չինաստանի ԱԳՆ-ի պնդմամբ, խախտում են միջազգային իրավունքը, խաթարում Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Մակրոնը դեմ է, որ Եվրոպան ներքաշվի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի մեջ Թայվանի պատճառով