Ամեն ինչ Ռուսաստանի վրա գցելը հիվանդության է նման. Պեսկովը` ԱՄՆ-ից «արտահոսքերի» մասին

Համացանցում կարող էր հայտնվել ավելի քան 100 փաստաթուղթ, տեղի ունեցածի վնասը գնահատվում է որպես զգալի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու հակումն ընդհանուր հիվանդություն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Պենտագոնից «արտահոսքերին» Ռուսաստանի ներգրավվածության մասին պնդումները:
«Ո՛չ, ես ոչ մի կերպ չեմ կարող դա մեկնաբանել, մենք բոլորս գիտենք, որ, ըստ էության, այդպիսի հակում կա ամեն ինչում. միշտ և ամենուր մեղադրել Ռուսաստանին և ամեն ինչ Ռուսաստանի վրա գցել, բայց դա հիմա ընդհանուր հիվանդություն է, ուստի այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Պենտագոնը հետաքննում է սոցիալական ցանցեր նյութերի արտահոսքը, որտեղ նկարագրվում են ուկրաինական զորքերի վիճակը և դրանց ամրապնդման` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերը: New York Times պարբերականը նշել էր, որ փաստաթղթերը, որոնք թվագրվում են մարտի սկզբով, իբր տարածվում են ռուսական իշխանամետ Telegram ալիքներում։
Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող է դժվարացնել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային
Պեսկովը հավելել է, որ Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքը բավականին հետաքրքիր է, դրանք բոլորն ուսումնասիրում և վերլուծում են:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ Զատկի տոնի առթիվ զինադադարի առաջարկին, ապա այդպիսի առաջարկ դեռ ոչ ոք չի ներկայացրել, նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան արդեն նախաձեռնություններ ձեռնարկել էր, հավատարիմ էր դրանց, սակայն բախվել է այդպիսի ռեժիմին հետևելու` Կիևի դժկամությանը։