ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Սևանա լճում ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 300 տոննա։ Կառավարության որոշմամբ սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:
«Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված ուսումնասիրությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։
Նշենք, որ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները։
Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի)։
Նախարարությունից զգուշացնում են, որ արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ ապրիլի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։