ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը տեղափոխվել է մայիսի սկիզբ։ Այս մասին «Ալ–Վաթան» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Դամասկոսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։
«Հանդիպումը, որը պետք է կայանար երկուշաբթի, տեղափոխվել է մայիսի սկիզբ։ Շահագրգիռ կողմերը շարունակում են շփումներն ու խորհրդակցությունները հարցի վերաբերյալ դրական արդյունքի հասնելու համար», – ասել է ՌԴ դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան շարունակելու է ջանքեր գործադրել քառակողմ հանդիպման անցկացման համար, ինչպես նաև նշել, որ կողմերի միջև առկա բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել բանակցությունների մեկ կամ մի քանի փուլերի շրջանակում։
2022 թվականի դեկտեմբերին ՌԴ–ում 11 տարվա ընթացքում առաջին անգամ կայացան Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների բանակցությունները։
Անկարայի և Դամասկոսի տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր հանդիպում անցկացնել ՌԴ–ի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։ Հունվարին Անկարան ենթադրում էր, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հնարավոր համարեց, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, ՌԴ-ի և Սիրիայի` բարձր մակարդակով ծրագրվող բանակցություններին:
Հիշեցնենք՝ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո Թուրքիան, որը մինչև այդ սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, սկսեց աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին։