Ի՞նչ փուլում են Սյունիքի մարզում կառուցվող նոր ճանապարհների աշխատանքները. տեսանյութ

Նորակառույց ճանապարհը նաև զբոսաշրջության զարգացմանն է նպաստելու, քանի որ մոտակայքում են Որոտնավանքն ու Տաթևի վանքը։
Sputnik
Ակտիվ ընթացքի մեջ են Սյունիքի մարզում Շամբ-Լծեն, Լծեն-Տաթև ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Կառավարության մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել, որ ներկայացնում է կատարված աշխատանքներն ու նախատեսվածը։
Աշխատանքները բավականին բարդ պայմաններում են իրականացվում՝ ժայռ ճեղքել, սարի բարձրություն իջեցնել, ձորակի բարձրություն ավելացնել՝ ճանապարհ կառուցելու համար։

Ճանապարհի ամբողջական շահագործման դեպքում այն կդառնա միջպետական՝ այլընտրանք Շինուհայրի խաչմերուկից դեպի Սատանի կամուրջ-Տաթև բարդ ճանապարհահատվածին։ Մասնավորապես, 44 կմ ճանապարհի փոխարեն այլընտրանքային ճանապարհի երկարությունը 38,3 կմ կլինի։

Շամբ-Լծեն ճանապարհի 6,2 կմ-ի մեծ մասն արդեն պատրաստ է։ Նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ լուծվում է ենթակառուցվածքների հարցը։ Նախատեսվում է, որ պետական բյուջեից կծախսվի 1,7 մլրդ դրամ։
Շինաշխատանանքերը բուռն ընթացքի մեջ են նաև Լծեն-Տաթև հատվածում։ Այստեղ աշխատանքները, ընդհանուր առմամբ, մոտ 8 միլիարդ դրամ են արժենալու։
Պատասխանատուները վստահ են, որ նորակառույց ճանապարհը նաև զբոսաշրջության զարգացնմանը կնպաստի, որովհետև նոր ճանապարհի հարևանությամբ են Որոտնավանքն ու Տաթևի վանքը։