ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը կցուցադրվի եվրոպական հայտնի Arte հեռուստաալիքով։ Տեղեկությունը նշված է ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։
«Եթե Դուք վավերագրության և անիմացիայի երկրպագու եք և ապրում եք Գերմանիայում կամ Ֆրանսիայում, համոզվեք, որ ձեր օրացույցներում նշել եք ապրիլի 26-ը և միացեք Arte-ին՝ տեսնելու «Ավրորայի լուսաբացը»,- նշված է էջում:
Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է։ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմ է, ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու պատմությունը։
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցության շնորհիվ։ Ֆիլմի հիմքում ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության մասին բանավոր պատմության արխիվն է։
Ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն։
2022 թվականին ֆիլմը արժանացել է Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Ընդգրկվել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն Best of Fests («Փառատոների լավագույն ֆիլմեր») բաժնում։