ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հավաքական Արևմուտքն անզուսպ արձագանք է ցուցադրում Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարան կառուցելու Ռուսաստանի ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շատ անզուսպ արձագանք ենք տեսնում հավաքական Արևմուտքի կողմից այն հայտարարություններին, որոնք արել է նախագահ Պուտինը։ Հավաքական Արևմուտքը հակված չէ որևէ կերպ հիշելու Եվրոպայում, մեր երկրի շուրջ տեղակայված ամերիկյան միջուկային զենքի թեման, բայց տվյալ դեպքում նրանք հակված են նման հիստերիկ արձագանքի՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարան կառուցելու մեր ծրագրերի հետ առնչությամբ», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են, որ միջազգային պարտավորությունները չխախտելով՝ Բելառուսում մարտավարական միջուկային զենք կտեղակայեն։
Հարցազրույցում Պուտինը պարզաբանել էր, որ Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցում իր միջուկային զենքը, այլ անում է այն, ինչ տասնամյակներ շարունակ արել է ԱՄՆ–ն, քանի որ ամերիկացիները «վարժեցնում են նրանց (դաշնակիցներին – խմբ.) անձնակազմներին, նրանց օդաչուներին անհրաժեշտության դեպքում կիրառել սպառազինության այդ տեսակը»։ Նրա խոսքով` Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը կավարտվի հուլիսի 1-ին։