ՌԱԴԻՈ

Ներդրումային բումի ակնկալիքը քաղաքական պոպուլիզմ է. տնտեսագետը հակադարձում է Քերոբյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ տնտեսության մեջ ուղղակի ներդրումների ծավալին, ինչպես նաև այդ ներդրումների և ՀՆԱ–ի հարաբերակցության տոկոսային աճի հավանականությանը։
Sputnik
Տնտեսական անվտանգության օրավուր խորացող խնդիրներն ու Հայաստանի հասցեին Ադրբեջանից հնչող իրական սպառնալիքները փաստացի վտանգում են ներդրումային միջավայրը Հայաստանում, իրավիճակը ծանր է հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որոնք օտարերկրյա մեծածավալ ներդրումների բացակայության պատճառով դարձել են տնտեսապես առավել խոցելի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` հակադարձելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի տնտեսությունում 2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 998.1 մլն դոլար, ինչը ՀՆԱ–ի 5.12%–ն է։ Նա ընդգծել է, որ կառավարության թիրախն է 2026 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ–ին հասցնել 6%–ի։
«Էկոնոմիկայի նախարարը խոսում է միայն ուղղակի ներդրումների մասին, սակայն օտարերկրյա ընդհանուր ներդրումների ներհոսքը 2022 թվականին նվազել է շուրջ 12 միլիոն դոլարով։ Իսկ ուղղակի ներդրումների որոշակի աճը պայմանավորված է հիմնականում բնական մենաշնորհների ոլորտում կատարված ներդրումներով, օրինակ` էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտներում, այսինքն` խոսքը տվյալ ենթակառուցվածքներում իրականացված ներդրումների մասին է, որոնք պլանավորվում են նախապես»,– ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` ներդրումային բումի ակնկալիքն ուղղակի քաղաքական պոպուլիզմ է, որովհետև գործող իշխանությունը պարբերաբար շեղվում է իր ծրագրից և շատ դրույթներ, որոնցով նա մասնակցել է ընտրություններին, պարզապես կյանքի չեն կոչվում, խոստումներն էլ մնում են թղթի վրա։ Կառավարությունը, օրինակ, խոստանում էր, որ ՀՆԱ–ի 25 տոկոսի չափով կլինեն ներդրումներ, սակայն նման բան չեղավ, և միտումները ցույց են տալիս, որ 2026 թվականի համար նախանշված խոստումների իրականացումը գրեթե անհնար է, որովհետև ներդրումները յուրաքանչյուր տարի պետք է 40 տոկոսով աճեն։
«2026 թվականի նշակետը բավականին բարձր է, մինչդեռ այնպես չէ, որ ներդրումները հոսում են միանգամից զուտ այն պատճառով, որ օտարերկրացիները որոշում են ու հենց նույն պահին անցնում իրենց ծրագրերի իրականացմանը։ Դրանք ենթադրում են փուլեր, նախապատրաստական աշխատանքներ, տնտեսական դաշտում առկա պայմանների մանրակրկիտ ուսումնասիրություններ, մշակված բանակցություններ։ Իրականում մենք խոշոր ներդումային ծրագրերի քննարկման ականատեսը չենք, իսկ կառավարության ներկայացուցիչների ու միջազգային որոշ կազմակերպությունների հանդիպումները զուտ քաղաքական, պոպուլիստական բնույթ են կրում»,– ասաց տնտեսագետը։
Ավետիսյանը հիշեցրեց, որ նախկինում պաշտոնատար անձինք ժապավեններ էին կտրում` ազդարարելով այս կամ այն գործարանի շահագործման մեկնարկի մասին, սակայն այդ հիմնարկներից շատերն այդպես էլ մնացին փակված, թեև նախապես խոսում էին դրանցում օտարերկրյա ներդրումներ կատարելու մասին։
Տնտեսագետը Հայաստանը համեմատեց տարածաշրջանային մյուս երկրների հետ` նշելով, որ ներդրումներ–ՀՆԱ հարաբերակցության առումով մեր երկիրը զիջում է Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և վերջին հինգ տարիներին նշված ցուցանիշով գտնվում է վերջին տեղում։
Ավետիսյանի դիտարկմամբ` 2021 թվականին, երբ ամբողջ աշխարհում հաղթահարվում էին Covid–19–ի հետևանքները, կոնկրետ մեր տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանը չապահովեց լիարժեք տնտեսական վերականգնում, որի գլխավոր պատճառներից մեկն իրական ներդրումների ոչ բավարար լինելն էր։