Եռաբլուր տանող ճանապարհին սոսիներ, գիհիներ ու թթենիներ են տնկել

Եռաբլուրին կից տարածքում ծառատունկ` նվիրված Արցախյան ազատամարտի զոհերին
Տարածքում կառուցվել է նաև ոռոգման ամբողջովին նոր համակարգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Եռաբլուր տանող ճանապարհին անտառապուրակ է հիմնվում, արդեն իսկ տնկվել է 4500 ծառաթփատեսակ։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրն այսօրվանից մեկնարկել է։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծառատունկի շրջանակում, բացի ծառատունկից, զուգահեռ կառուցվել է նաև 7000 գծմ երկարությամբ և տարատեսակ անձրևացնող համակարգերով ոռոգման ամբողջովին նոր համակարգ:
Տնկիները ներառում են ճանապարհաեզրը ընդգծող սոսիներ, գիհու տեսակներ, ալբիցիա, փշատենի, թթենի, վայրի պտղատուներ։ Կան նաև հատուկ ծառատեսակներ՝ անտառտնկարկի ճանապարհամերձ հատվածներում գեղագիտական տեսքը ապահովելու համար։
Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի մայրաքաղաքում կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի, 4000-ը` Եռաբլուրում, մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: