ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարարությունը «կանխակալ» և «զգացմունքային» է անվանել Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի արտահայտությունները: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանանին Բաքվից իրանցի չորս դիվանագետների արտաքսումը ոչ բարեկամական քայլ էր անվանել:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ իրանցի գործընկերը որևէ հիմք չունեցող գնահատականներ է հնչեցրել: Նա նաև մեղադրել է իրանցի դիվանագետներին Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և Հայաստանին աջակցելու մեջ (Ադրբեջանը հայտարարում է թե իր տարածքները «օկուպացվել» են Հայաստանի կողմից):
«Իսլամական համերաշխությունը չի ենթադրում քաղաքական նպատակներով կրոնի օգտագործում, միջամտություն հարևան պետությունների ներքին գործերին, աջակցություն մեկ այլ մահմեդական երկրի տարածքների օկուպացիային։ Ադրբեջանը հարևանների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձության սկզբունքներից ելնելով։ Բաքուն երբեք շահագրգռված չի եղել որևէ երկրի հետ հարաբերությունները խզելու հարցում։ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող համարժեք միջոցները միշտ սադրիչ քայլերի արձագանք են եղել», - ասելէ Հաջիզադեն:
Վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն սրվել են։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հատուկ հայտարարություն էր ընդունել, որով դատապարտել էր Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը: