ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11-հոգանոց պատվիրակությունը ապրիլի 12-15-ը գործուղվելու է Սանկտ Պետերբուրգ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Պատվիրակության կազմում, բացի ԱԺ նախագահից, ընդգրկված է 3 պատգամավոր` Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը և Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաև խորհրդարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, օգնական Աշխեն Հայրապետյանը։
Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը, որն Սանկտ Պետերբուրգում կլինի ապրիլի 10-15-ը, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ–օպերատոր Դավիթ Հակոբյանը և նույն բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։
Նրանք մասնակցելու են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին։
Գործուղման մեկնողներից 4-ի ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի և գիշերավարձի վճարն արվելու է ՀՀ պետբյուջեից ԱԺ–ին այդ նպատակի համար հատկացված միջոցներով, իսկ մյուս 8 անձի գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարելու է ԱՊՀ ՄԽՎ–ն։