Վրաստանն ու Ադրբեջանն աշխատում են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ. Ղարիբաշվիլի

Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի կառավարության ղեկավարը համոզված է, որ մոտ ապագայումայդ երթուղու զարգացմանը խանգարող բոլոր խոչընդոտները կվերացվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Վրաստանն ու Ադրբեջանը համակարգված աշխատում են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայումայդ երթուղու զարգացմանը խանգարող բոլոր խոչընդոտները կվերացվեն:
«Պետք է համատեղ զարգացնել ենթակառուցվածքները՝ մեր նավահանգիստներն ու երկաթուղիները։ Մենք հիմա աշխատում ենք Վրաստանում նոր նավահանգստի կառուցման ուղղությամբ (խոսքը Անակլիա նավահանգստի կառուցման մասին է. խմբ․)»,-ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Թբիլիսին մեկ տարվա ընթացքում նախատեսում է ավարտել երկաթուղու ընդլայնման նախագիծը։ Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ուղղությամբ։ Ղարիբաշվիլին կարծում է, որ դա նաև թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների հոսքը Միջին միջանցքով։
Գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն պահպանելն է. Վրաստանի վարչապետ
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև եռակողմ և քառակողմ համագործակցության ձևաչափերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը ենթադրել էր, որ ապագայում Հայաստանը կարող է միանալ իրենց, այդ թվում՝ Միջին միջանցքի շրջանակներում։
Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային միջանցքը (ՏՄՏՄ) անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ավազանով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և Եվրոպայի երկրներ։ Այդ պատճառով դեպի Հայաստան ճյուղը կարող է միայն զուգահեռ երթուղի լինել։
ՏՄՏՄ-ն դեռ ամբողջությամբ չի գործարկվել, բայց դրանով արդեն թեստային բեռներ են անցել (երեք կոնտեյներային գնացք): Լոգիստիկ շղթայի մասնակիցները ճշգրտում են ճանապարհին գտնվելու ժամանակը, մատակարարման ծավալներն ու հնարավորությունները:
Հայաստանը կարո՞ղ է միանալ «Միջին միջանցքին». փորձագետը՝ Թուրքիայի առաջարկի մասին