Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևոր առաջնահերթությունների շարքում է. Սանոսյան

Հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում, և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ամրապնդման լավ հնարավորություն է ընձեռում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում են։ Այս մասին Վրաստանում մեկնարկած Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի բացման խոսքում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
«Կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար»,–ասել է Սանոսյանը։
Նախարարը նաև նշել է, որ հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում։ Անչափ կարևոր է հայ-վրացական համատեղ գործարար համաժողովի անցկացումը, որը երկու երկրների առևտրատնտեսական կապերի ամրապնդման լավ հնարավորություն է ընձեռում։
«Այսօր մենք ունենք արագ աճող տնտեսություն, կայուն մակրոտնտեսական միջավայր և ազատ ներդրումային օրենսդրություն։ Առկա փորձառու, ստեղծագործ և մրցունակ մարդկային կապիտալը, խոշոր շուկաների հեշտ հասանելիությունը, ինչպես նաև կառավարության շարունակաբար գործարար միջավայրը բարելավելու հանձնառությունը, ստեղծում են բոլոր նախապայմանները օտարերկրյա ներդրողներին Հայաստանում շահութաբեր բիզնես գործունեություն վարելու համար»,-ասել է Սանոսյանը։
Համաժողովի ընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ սահիկաշար է ներկայացվել։
Հիշեցնենք, որ վերջին անգամ հայ-վրացական գործարար համաժողովը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին Դիլիջանում` տնտեսական և առևտրային համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի շրջանակներում։