ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Մոսկվայի դատախազությունը ստուգում կանցկացնի պարզելու համար` արդյոք հայտնի երգիչ Վալերի Մելաձեն ֆինանսավորել է Ուկրաինայի զինված ուժերին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Մոսկվայի դատախազությանը հանձնարարվել է ստուգումներ անցկացնել Մելաձե Վ.Շ.-ի նկատմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերին հնարավոր ֆինանսական օգնություն ցուցաբերելու կասկածը պարզելու համար», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ համապատասխան հրամանը ստացվել է ՌԴ գլխավոր դատախազությունից։
«Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագիծ» հասարակական կազմակերպության ղեկավար Վիտալի Բորոդինն ավելի վաղ դիմում էր ուղարկել գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ երգչի նկատմամբ համապատասխան ստուգում անցկացնելու խնդրանքով։ Նա նշել էր, որ երգիչը բազմիցս քննադատել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, ինչպես նաև ԱՄԷ-ում կորպորատիվ երեկույթի ժամանակ հնչեցրել է ուկրաինացի ազգայնականների կարգախոսը։
Մարտի վերջին հայտնի էր դարձել, որ երգիչ Վալերի Մելաձեի` Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Նովոսիբիրսկում, Բառնաուլում, Կեմերովոյում և Դոնի Ռոստովում ծրագրված համերգները չեղարկվել են։ ՏԱՍՍ-ը երգչից մեկնաբանություն չի ստացել։