ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թուրքիայի իշխանությունը արևմտյան երկրներին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսակցության բովանդակության մասին։ Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահը հանդիպել է թուրքական պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են խոշոր նախագծերի իրագործումը։
Ինչպես պնդում է «Hürriyet» թերթի սյունակագիր Հանդե Ֆիրատը, Պուտինի և Քալընի հանդիպմանը քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, Ռուսաստանի նախագահը խոսել է բանակցելու պատրաստակամության մասին և գործընթացը խոչընդոտելու համար մեղադրել է Արևմուտքին:
«Թուրքիան կողմերին առաջարկել է անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի... Թուրքիայի դուռը բաց է (բանակցային. խմբ) գործընթացի համար։ Այժմ (Թուրքիան. խմբ.) Արևմուտքին տեղեկացնում է Պուտինի հետ հանդիպման բովանդակության մասին», - ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Պաշտոնական Անկարան փորձում է միջնորդի դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման գործում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։