Հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին պաշտոնապես հայտնեց նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ, սենատոր Ռոբերտ Քենեդիի որդի Ռոբերտ Քենեդի-կրտսերը։ Երևի հիշում եք՝ Ջոն Քենեդին սպանվեց ուղիղ 60 տարի առաջ՝ 1963 թվականին, իսկ հինգ տարի անց նրա եղբորը սպանեցին հենց այն ժամանակ, երբ սենատորը մասնակցում էր նախագահական ընտրարշավին։ Մասնագետները համոզված են, որ կրտսեր Ռոբերտ Քենեդին նախագահ ընտրվելու շանս չունի, բայց տվյալ դեպքում ուրիշ հետաքրքիր պահ կա՝ ինչպե՞ս են Ամերիկայում միաձուլվում և միմյանց փոխլրացնում այսպես կոչված նեպոտիզմը և մերիտոկրատիան։
Եթե հավատանք «Թրանսփարենսի ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությանը, նեպոտիզմը մի ահավոր երևույթ է։ Մեջբերեմ. «Կողմնակալության ձև՝ հիմնված ծանոթությունների և ընտանեկան կապերի վրա, երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր լիազորությունները և իշխանությունը՝ իր ընտանիքի անդամին, բարեկամին կամ ընկերոջը աշխատանքով ապահովելու կամ ծառայություն մատուցելու համար՝ անկախ նրանից, որ վերջինս չունի համապատասխան որակավորում ու արժանիքներ»։
Այնինչ, մերիտոկրատիան դրա ճիշտ հակառակն է՝ կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից, կուսակցական պատկանելությունից և իշխանավորների հետ ազգակցական կապերից։
Այն, որ ողջ աշխարհում նեպոտիզմին շատ վատ են վերաբերվում, միանգամայն արդարացված է։ Կներե′ք, ո՞վ է Հյուսիսային Կորեայի ներկա առաջնորդը և ի՞նչ արժանիքներ ունի, բացի նրանից, որ առաջնորդի թոռ է ու առաջնորդի որդի։ Կամ ինչո՞ւ ենք հեռու գնում՝ եթե հայրը Ադրբեջանի նախագահը չլիներ, ի՞նչ էր անելու հիմա նրա տղան, որը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, ըստ տարբեր աղբյուրների, հոր փողերն էր քամուն տալիս Թուրքիայի խաղատներում։ Բայց նաև կարող եք հակադարձել. իսկ ի՞նչ է՝ Միացյալ Նահանգներում այդ նույն նեպոտիզմը չկա՞։ Ախր, եթե Հիլարին պարտության մատներ ոնալդ Թրամփին, վերջին չորս ընտրություններում հաղթելու էին ընդամենը երկու ընտանիքների՝ Բուշերի և Քլինթոնների ներկայացուցիչները։ Ի դեպ, երբ հաղթեց Բուշ կրտսերը, ամերիկացիները կատակում էին՝ մեր նախագահն էր հայր Բուշը, հիմա՝ որդի Բուշը, հաջորդ նախագահն էլ լինելու է սուրբ հոգի Բուշը։
Ամերիկացի հայտնի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սոլ Բելոուի որդին՝ Ադամ Բելոուն, հետազոտություն է հրապարակել, որը կոչվում է «Նեպոտիզմի գովքը»։ Իմաստը երևի հասկանալի է՝ բոլորը դատապարտում են նեպոտիզմը, մինչդեռ այդ երևույթը բազմաթիվ դրական կողմեր ունի։ Այսինքն` մարդն, իհարկե, կարող է օգտվել այն հանգամանքից, որ հայրը կամ եղբայրը նախագահ են եղել, բայց ընդհանրապես քաղաքացիները դատելու են նրա մասին` ելնելով նրա արժանիքներից և գործունեության արդյունքներից։ Եվ ազգակցական կապերը որևէ դեր չեն խաղալու։ Կարճ ասած, նեպոտիզմը սահուն կերպով վերափոխվում է և դառնում մերիտոկրատիա։
Քաղաքական գերդաստանները, ի դեպ, Ամերիկայում ամենևին հազվադեպ երևույթ չեն։ Բուշերից շատ առաջ նախագահներ են ընտրվել հայր և որդի Ադամսները, նախագահ են եղել նաև երկու Հարիսոնները՝ պապն ու թոռը։ Հիմա էլ երրորդ Քենեդին է ուզում նախագահ դառնալ։ Ընդհանրապես, եթե սկսեմ թվարկել քաղաքական գերդաստանները, այս հաղորման ժամանակը չի բավականացնի՝ Լիվինգսթոններ, Ռոքֆելերներ, Դյուպոններ, Սթիվենսոններ և այլն։ Էլ չեմ խոսում բիզնեսի ոլորտի մասին՝ ամերիկյան խոշորագույն ընկերությունների 95 տոկոսը պատկանում է կամ վերահսկվում է դրանց հիմնադիրների ժառանգների կողմից։ Ընտանեկան ձեռնարկություններ են Ամերիկայի ամենահայտնի հրատարակչություները և լրատվամիջոցները՝ «Նյու Յորք թայմսը», «Վաշինգտոն փոստը», «Լոս Անջելես թայմսը»։
Բայց ազգակցական կապերի ամենավառ օրինակը, իհարկե, Հոլիվուդն է՝ Ջեյն Ֆոնդա, Լայզա Մինելի, Մայքլ Դուգլաս, Նիքոլաս Քեյջ, Ջորջ Քլունի, Անջելինա Ջոլի, Ջուլիա Ռոբերտս։ Ինչպես կասեր Խնկո Ապերը. «Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը»։
Ուղղակի, համաձայնե՛ք, այս բոլոր դերասանները հայտնի են դարձել ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկի ազգականն են, այլ իրենց տաղանդի շնորհիվ։ Չնայած բոլորովին չի կարելի բացառել, որ Ամերիկայում էլ որևէ բիզնեսմեն ասֆալտ փռելու պետպատվեր է ստացել միայն այն պատճառով, որ բարձրաստիճան պաշտոնյայի ազգականն է։