ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումն անհրաժեշտություն է. Չավուշօղլու

Սերգեյ Լավրվի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Լավրովի հետ հանդիպմանը Չավուշօղլուն ասել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարցով կշարունակեն խորհրդակցությունները, այդ թվում` Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ Այսօր նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Կողմ ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,–ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Լավրովը Թուրքիա է մեկնել երեկ` ապրիլի 6-ին։ Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև երկկողմ հարցեր, հացահատիկային գործարքը, Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք նաև, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։