ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է, որովհետև մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ: Մարդկության համար «մայր» հասկացությունը նվիրումի, ապահովության, բարության ու անսահման սիրո գաղափարների ամբողջությունն է»,– ասված է հաղորդագրությունում:
Խաչատուրյանն ընդգծել է` պատահական չէ, որ հայրենիքը կոչվում է Մայր հայրենիք, լեզուն՝ մայրենի, երկրի կենտրոնը՝ մայրաքաղաք, և ինչպես անուրանալի են հայրենիքն ու լեզուն, այնպես էլ անգնահատելի է կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի դերը մեր կյանքում:
ՀՀ նախագահը կանանց մաղթել է քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք: