Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում խնդիրը համապատասխան հաղորդակցման մեջ է. Ղալաչյան

Գագիկ Ղալաչյանը. Արխիվային լուսանկար
ԱԳ նախկին փոխնախարարը հույս ունի, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները կշարունակվեն կոնստրուկտիվ հունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև որոշ խնդիրներ կապված են համապատասխան հաղորդակցության հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԳ նախկին փոխնախարար Գագիկ Ղալաչյանը։
Վերջերս երկկողմ հարաբերություններում առաջացած հարցերը, մասնավորապես` ԵՄ առաքելության տեղակայման, Հռոմի կանոնադրության վավերացման թեմաները, նախկին փոխարտգործնախարարն առաջին հերթին հենց դրա հետ է կապում։ Ըստ նրա` գուցե ընկալման խնդիրներ էլ կան։
«Հույս ունեմ, որ հարաբերությունները կշարունակվեն կոնստրուկտիվ հունով։ Հատկապես նկատի ունենալով հարաբերությունների տնտեսական և քաղաքական բարձր մակարդակը, որը մինչև օրս գոյություն ունի։ Երկու երկրների շահից էլ բխում է, որպեսզի այդ հարաբերությունները նույն մակարդակի վրա պահվեն կամ ավելի զարգանան»,– նշեց Ղալաչյանը։
Նրա խոսքով` նշված հարցերն ընդամենը փոքր դրվագներ են 2 երկրի հարաբերությունների պատմության ֆոնին։
«Ընդհանրապես 1, 2 տարին հարաբերությունների և պատմության համար շատ կարճ ժամկետներ են։ Մեր հարաբերությունները շատ ավելի երկարատև են և ռազմավարական բնույթ են կրում»,– ասաց նախկին փոխնախարարը։
ՀՀ ներկայիս իշխանության որդեգրած խաղաղության դարաշրջանի քաղաքականության օրակարգը Ղալաչյանը չցանկացավ մեկնաբանել։ Նա միայն նշեց, որ որոշ հարցեր են եղել, որոնք էլ տարիներ առաջ դրդել են ազատման դիմում գրել։
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի երկրների միջև ռազմավարական հարաբերություններին: