Երևանում կանաչ տարածքները կընդլայնվեն 15 հեկտարով. կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց

Ծառատունկ Երևանում. Արխիվային լուսանկար
Եռաբլուրի 10 հեկտարում այս տարի անտառ-պուրակ կհիմնադրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց, տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրելով։
Նշվում է, որ գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը Եռաբլուրում, մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Ծառերի մեծ մասը երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300 դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտնում է, որ 8 կիլոմետր ոռոգման ցանցն արդեն անցկացված է։ Նրա խոսքով` Եռաբլուրի 10 հեկտարում անտառ-պուրակ կհիմնադրվի։