ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու համար մեղադրանք է ներկայացվել քաղաքագետ Գագիկ Համբարյանին, տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Հ.-ն 2023թ. մարտի 29-ին, իր կողմից օգտագործվող ֆեյսբուքյան անհատական էջով մի հրապարակում է կատարել, որն էլ շրջանառության մեջ են դրել մի շարք լրատվական կայքեր՝ «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերնագրով։
Ըստ ՔԿ հաղորդագրության` հրապարակմանը կից տեղադրվել է նաև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի լուսանկարը։
«Հրապարակման մեջ, ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ ՝ Գ.Հ.-ն վիրավորական մի շարք արտահայտություններ է օգտագործել դատավորի հասցեին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված փաստերի հիման Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով` (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով):
Համբարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։