ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Հադսոնի ինստիտուտի (Hudson Institute) և Ռեյգանի գրադարանի (Reagan Library) նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել «Մեկ Չինաստանի» սկզբունքի խախտման պատճառով:
Ինչպես նշվում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, հիշյալ կազմակերպություններն ԱՄՆ-ի տարածքում Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենին հարթակ են տրամադրել անջատողական գործունեությանը մասնակցելու համար՝ դրանով իսկ լրջորեն խախտելով «Մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթները: Ըստ ԱԳՆ-ի՝ այդ գործողությունները լուրջ վնաս են հասցրել Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Ապրիլի 7-ից Չինաստանի համալսարաններին, հաստատություններին և այլ կազմակերպություններին ու անհատներին խստիվ արգելվում է գործարքներ, փոխանակումներ, համագործակցություն և այլ գործունեություն իրականացնել տվյալ կազմակերպությունների հետ: Կազմակերպությունների չորս ղեկավարներին արգելվում է մուտք գործել ՉԺՀ տարածք։
«Մեկ Չինաստանի» սկզբունքը խախտելու համար պատժամիջոցներ են սահմանվել նաև թայվանական երկու կազմակերպությունների դեմ։ Խոսքը «Prospect Foundation» և «Council of Asian Liberals and Democrats» կազմակերպությունների մասին է։
Բացի այդ, Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ում Թայվանի ներկայացուցչության ղեկավար Սյաո Մեյքինի նկատմամբ։
Ապրիլի 5-ին Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը Թայպեյի բարեկամ Գվատեմալայից և Բելիզից կղզի վերադառնալու ճանապարհին տարանցիկ այց է կատարել ԱՄՆ և հանդիպել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մակքարթիի հետ:
Հիշեցնենք` ՉԺՀ կենտրոնական կառավարության և նրա նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվեցին 1949 թվականին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը Չիանգ Կայշիի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործարար և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին: