ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Նրանք ընտրվել են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որի օրակարգում միայն այդ հարցն էր։
Նշենք, որ 2 օրից լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվեր։
Իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է Ազգային ժողովի կողմից ընտրված հինգ իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը: