Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ իմ դիմումն ԱԺ-ն չի փոխանցել գլխավոր դատախազին. Թովմասյան

Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում
Թագուհի Թովմասյանի խոսքով` իրեն ասել են, որ պետք է հանձնաժողովի նախագահի անունով առանձին բլանկով ուղարկի դիմումը, այլ ոչ թե ընդհանուր հանձնաժողովի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ազգայի ժողովը չի փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի` Արթուր Հովհաննիսյանի պահվածքի մասին գլխավոր դատախազին ուղղված դիմումը։ Թովմասյանը yerevan.today-ի հետ զրույցում է հայտնել այդ մասին։
Նշենք, որ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցել էր բավականին լարված մթնոլորտում և ՔՊ–ականների, և ընդդիմադիր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես, վիրավորանքների տարափով աչքի է ընկել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Թովմասյանը նշում է, որ 1 տարի 7 ամիս է, ինչ հանձնաժողովի նախագահ է և մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերով օրական միջին 3-4 գրություն է ուղարկում պետական կառույցներին: Օրինակ, ապրիլի 5-ին գլխավոր դատախազին ուղարկել է մի գրություն Սպարտակ անունով քաղաքացու մասին, որին այսօր գլխավոր դատախազը շատ օպերատիվ պատասխանել է:
«Նույն ձևով երեկ եմ դիմում գրել և մուտքագրել ենք ընդհանուր բաժին գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ապրիլի 4-ին կայացած մեր հանձնաժողովի նիստում: Այսօր գալիս եմ ու պարզում` նամակը չի գնացել: Աշխատակազմից ասում են, թե չգիտեին, որ մինչև հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Նրանց խոսքով` պետք է հանձնաժողովի նախագահի բլանկ սարքեն, դրանով ուղարկեմ, իսկ եթե ընդհանուր հանձնաժողովի բլանկով եմ ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն»,–ասում է Թովմասյանը։
Նրա խոսքով` ստացվում է, որ հիմա պետք է այդ գրությունն ուղարկի հանձնաժողովի ՔՊ-ական 4 անդամներին, որպեսզի կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն:
Թովմասյանը նշեց, որ ինքը կարող է այս նամակն ուղարկել որպես պատգամավոր, բայց ինքը գրել է որպես հանձնաժողովի նախագահ, քանի որ իր լիազորությունները որպես նախագահ չի կարողացել իրացնել։ Նա հայտնեց, որ Հովհաննիսյանի մասին ներկայացրել է մի շարք հանցագործություններ և օրինախախտումներ, այդ թվում` պատգամավորի էթիկայի վարքականոնի խախտումը: Թովմասյանը հավելեց, որ այս քաշքշուկը համարում է քաղաքական հրահանգ։