ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն մասնակցի Բրիտանիայի թագավոր Չարլզ III–ի թագադրությանը, քանի որ Բուքինգհեմյան պալատը մերժել է միջոցառմանը հրավիրել նաև նրանց երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է «Sky News» հեռուստաալիքը` հղում անելով թագավորական ընտանիքի կենսագիր Անժելա Լևինին։
Լևինի խոսքով` Հարրին և Մեգանը խնդրել են թույլ տալ, որ թագավորական ընտանիքի հետ կանգնեն պատշգամբում և «Happy Birthday» երգեն արքայազն Արչիի համար, որի ծննդյան օրը համընկնում է թագադրության արարողության հետ։
«Պահանջներից ոչ մեկը չի բավարարվել, այնպես որ նրանք ներկա չեն լինելու», – հեռուստաալիքի եթերում հայտնել է կենսագիրը։
Չարլզ III–ի և նրա տիկնոջ` Կամիլլայի թագադրությունը կկայանա մայիսի 6-ին։
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիան լքեցին շուրջ երեք տարի առաջ թագավորական ընտանիքի հետ ունեցած կոնֆլիկտից հետո` հրաժարվելով կատարել թագավորական պարտականությունները։ 2021 թվականի մարտին զույգը սկանդալային հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին` հարազատներին մեղադրելով անտարբերության, մշտական ճնշումներ գործադրելու և նույնիսկ ռասիզմի մեջ։