ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Այսօր անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
Նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են 2022 և 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները:
Նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ այդ տեղեկությունները լրացուցիչ վերլուծելու և նմանատիպ դեպքերի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մշակման վերաբերյալ։
Հավելենք՝ Արաքսի հովտի ավազահանքերի շահագործման հետևանքով գետը փոխել է իր նախկին հունը և հիմա Հրազդան գետի հունով է հոսում։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը՝ այն նախկին հունին վերադարձնելու նպատակով, 16 ամիս կտևի։