ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինայում կենսալաբորատորիաների կառուցման ծրագիրը և ընդլայնում է ուկրաինացի կենսաբանների նախապատրաստման ձևաչափը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
Կիրիլովի խոսքով՝ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի կողմից Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեության մասին հնչեցրած փաստերը Վաշինգտոնին ստիպում են ջանքեր գործադրել աշխատանքների իրական բնույթը թաքցնելու համար: Նա ընդգծել է, որ այդ նպատակով ԱՄՆ-ն փոխել է ծրագրի «Համատեղ կենսաբանական հետազոտություններ» անվանումը, որն իրականում ուղղված է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը:
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետն ընդգծել է, որ Պենտագոնը Ուկրաինայի և այլ երկրների կենսաբանական օբյեկտներում հետազոտությունները շարունակելու է համաշխարհային հանրության անորոշ արձագանքի և Վաշինգտոնին հակադրվելու վախի պատճառով:
Նա նշել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մի շարք հրապարակումներ է պատրաստել, որոնցում փորձում է կասկածի տակ դնել իրենց անօրինական կենսաբանական հետազոտությունների մասին արձանագրված փաստերը: Այսպես, մարտի 14-ին Պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է տեղեկագիր, որտեղ Ռուսաստանը կրկին ապատեղեկատվության մեջ է մեղադրվում։
Կիրիլովը նշել է նաև, որ ԱՄՆ-ի արտասահմանյան բիոլաբորատորիաների տեղակայման վայրերում վտանգավոր պաթոգենների տարածման վտանգ կա, նրանց աշխատանքը երրորդ երկրներում լուրջ սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանների համար: