Վիզաների համար հերթագրումը Գերմանիայի դեսպանատան կայքում շարունակում է անվճար մնալ

Վիզա
Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտ 3 շաբաթ առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանում Գերմանիայի դեսպանատան կայքում վիզայի հարցազրույցի համար գրանցումը մնում է անվճար: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում այս մասին հաղորդագրություն է տարածել դեսպանությունը։
«Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունից հայտնում են, որ պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտ 3 շաբաթ առաջ։
Դեսպանությունից հիշեցնում են, որ դեսպանությունը չի համագործակցում տուրիստական գործակալությունների հետ։ Տուրիստական գործակալությունների կամ այլ երրորդ անձանց միջոցով վճարովի հիմունքներով չի կարող ավելի վաղ պայմանավորվածություն տրամադրվել։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` դժվարացել է շենգենյան վիզայի ստացման համար հարցազրույցների ամրագրումը տարբեր դեսպանություններում։ Քաղաքացիներն առավել հաճախ դժգոհում են Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների պաշտոնական կայքէջերում հարցազրույցի օր ամրագրելու անհնարինությունից։ Հավելենք, որ տուրիստական խմբերում անհատ անձինք վաճառում են հարցազրույցների օրերը` միջինը 15-60 հազար ՀՀ դրամով։