ՏՏ ոլորտին խոստացած աջակցության չափը գերազանցել է կառավարության կանխատեսումները

Արխիվային լուսանկար
2023 թվականի պետական բյուջեով միջոցառման համար հատկացվել էր 2 մլրդ դրամ, որը միայն հունվար–փետրվար– մարտ ամիսների ընթացքում արդեն սպառվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՏՏ ոլորտի 206 կազմակերպություն պետությունից աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ընդ որում, աջակցության չափը միայն 2023թ–ի առաջին եռամսյակում արդեն իսկ գերազանցել է կառավարության նախապես հաշվարկած գումարը։
Բանն այն է, որ ՏՏ ոլորտին աջակցելու որոշումը գործադիրն ընդունել էր 2022թ–ի դեկտեմբերի 1-ին` արձագանքելով ոլորտի ընկերությունների խնդիրներին։
Այդ որոշմամբ, 2023 թվականի պետական բյուջեով միջոցառման համար հատկացվել էր 2 մլրդ դրամ, որը 2023թ․ միայն հունվար–փետրվար– մարտ ամիսների ընթացքում արդեն սպառվել է։
Հաշվի առնելով առաջին եռամսյակի դինամիկան, կառավարությունը որոշել է ծրագրի բյուջեն հասցնել 6 մլրդ 358 մլն դրամի։
Ոլորտի ընկերություններից ստացված դիմումների համաձայն, փոխհատուցում ստացող ընկերությունների ու ԱՁ–երի թիվը 206 է։
Հիշեցնենք` 2022թ–ի ընթացքում Հայաստանում արտարժույթի արժեզրկման պատճառով ՀՀ–ում աշխատող ՏՏ ոլորտի ընկերությունները եկամուտների լուրջ կորուստներ էին ունենում։ Ժամանակավոր բարդությունները հարթելու համար դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ հաստատվել էր ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունների աջակցության ծրագիր։
Ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտն ապահովում է Հայաստանի արտահանման շուրջ 30 տոկոսը։ ՏՏ ոլորտում աշխատող քաղաքացիների թիվը շուրջ 24 հազար է։