Թշնամին Շուշիի մատույցներում էր. փաստաբանը պնդում է` Արզումանյանի մեղադրանքն անհիմն է

Միքայել Արզումանյան
Երեմ Սարգսյանը նշում է, որ Միքայել Արզումանյանի` ՊԲ հրամանատարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց իրավիճակն այնպես է փոխվել, որ թշնամին մի քանի օր որևէ լուրջ հաջողություն չի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլև որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը։ Որքան քրեական վարույթով քննությունը խորանում էր, այնքան առավել ակնհայտ էր դառնում, որ Արզումանյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն են»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Նա հիշեցնում է, որ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում որպես պաշտպանության բանակի հրամանատար Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անզգուշությամբ թերություններ թույլ տալու մեջ, որի հետևանքով էլ թշնամին գրավել է այն։ Փաստաբանը պնդում է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, իսկ քրեական վարույթի նյութերի համաձայն՝ Արզումանյանն արել է առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար։
Սարգսյանը նշում է, որ Արզումանյանը ՊԲ հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020-ի հոկտեմբերի 27-ին այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով` մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։ Առկա են նաև փաստեր, որ Արզումանյանի կողմից պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց իրավիճակն այնպես է փոխվել, որ թշնամին մի քանի օր որևէ լուրջ հաջողություն և առաջընթաց չի ունեցել, կրել է հսկայական կորուստներ։ Փաստաբանը հիշեցրել է Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները, այդ թվում՝ «Գյոռբագյոռ» օպերացիան, որի արդյունքում թշնամին հսկայական կորուստներ է ունեցել։
«Սակայն թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ո՛չ մարդկային և ո՛չ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել։ Պետք չէ մոռանալ այդ ժամանակ Հայաստանի և Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հայտարարությունները։ Դրանց համաձայն` Արցախի պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, բայց հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք, որ Շուշիի գրավումն անխուսափելի է եղել, որ դա է եղել պատերազմը կանգնեցնելու պայմանը»,-գրել է Սարգսյանը։
Նրա խոսքով` անհիմն է մեղադրանքը, թե իբրև «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված է եղել, սակայն Միքայել Արզումանյանի հրամանով յուրային ուժերը նահանջել են, և թշնամին նորից զբաղեցրել է այն։ Փաստաբանը պնդում է, որ սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված չի եղել։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել «նահանջ» հրաման տալու համար. ՔԿ