ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ուկրաինական ճգնաժամից դուրս գալու բոլորին ձեռնտու միջոց չկա, կողմերը պետք է ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար պայմաններ ստեղծեն, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Նրա խոսքը մեջբերում է չինական Xinhua գործակալությունը։
«Բոլոր կողմերը պետք է սկսեն իրենցից ու պայմաններ ստեղծեն պատերազմը դադարեցնելու և խաղաղ բանակցությունների համար՝ փոխադարձ վստահություն զարգացնելով», - ասել է Չինաստանի ղեկավարը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ բանակցությունները:
Սի Ծինփինը նաև նշել է, որ Ուկրաինայի ռազմական հակամարտության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը կարելի է բնութագրել հետևյալ արտահայտությամբ «նպաստել խաղաղությանը և բանակցություններին»։
Ավելի վաղ Սի Ծինփինը կոչ էր արել շուտափույթ վերսկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները: Նա ընդգծել էր, որ Պեկինն ու Փարիզը պատրաստ են համատեղ դիմել միջազգային հանրությանը՝ կոչ անելով հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին: