Շվեդիան հրաժարվել է քաղաքացուն արտահանձնել Թուրքիային

Ստոկհոլմը
Թուրքական հետաքննությունը կարծում է, որ տղամարդը զինված ահաբեկչական կազմակերպության անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Շվեդիայի իշխանությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
Նշվում է, որ մոտ 50 տարեկան տղամարդը Շվեդիայի քաղաքացիություն ունի: Թուրքական հետաքննությունը ենթադրում է, որ նա զինված ահաբեկչական կազմակերպության անդամ է։
Արտահանձնման մասին հարցումը ստացվել է 2022 թվականի նոյեմբերին։
Նշենք, որ «ահաբեկչության դեմ պայքարը» փորձաքար է դարձել Շվեդիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում։ Պաշտոնական Անկարան բազմիցս մեղադրել է Ստոկհոլմին ահաբեկիչների հանդեպ ներողամիտ լինելու մեջ։
Շվեդիայի ղեկավարությունն իր հերթին վկայակոչել է մարդու իրավունքների պաշտպանությունը և արտահանձնման վերաբերյալ որոշում կայացրած դատարանների աշխատանքին չմիջամտելը:
Արդյունքում Թուրքիան արգելակել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը՝ հայտարարելով, որ Ստոկհոլմը չի կատարում ստորագրված հուշագրի պայմանները: