Սանոսյանը ծանոթացել է Լարսի վտանգավոր հատվածը շրջանցող թունելի շինարարական աշխատանքներին

Հայկական պատվիրակությունը ծանոթացել է Լարսի վտանգավոր հատվածը շրջանցող թունելի շինարարական աշխատանքներին
ՏԿԵ նախարարն ականատես է եղել նորագույն տեխնոլոգիայի միջոցով թունելի փորման աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական աշխատանքներին և կիրառվող տեխնոլոգիաներին։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։
Այնուհետև հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքներին։ Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաև կամուրջներ։
Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։
Հայ–վրացական հարաբերություններում զգալի առաջընթաց կա. հանդիպել են Սանոսյանը և Ղարիբաշվիլին
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։