«Սա նաև դաս է ինձ համար». Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում

Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահը ցավում է, որ հունից դուրս է եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից 4 օր անց որոշել է ներողություն խնդրել։
«Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա։ Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ: Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Սիմոնյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև ընդդիմությանը։
«Սա նաև պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ»,– նշել է նա:
Հիշեցնենք` ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան էր անվանել, Սիմոնյանի թիկնապահները բռնել էին երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել էր երիտասարդին և թքել նրա դեմքին: Ապրիլի 4-ին ԱԺ նախագահը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել էր, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ Նա ընդգծել էր, որ նման արարքները չեն հանդուրժվելու։