ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի համար Հարավային Կովկասն ունի կենսական կարևոր, համակարգ ձևավորող նշանակություն, և այն այդ տարածաշրջանում լրջորեն և երկար կմնա։ Այս մասին Երևանում կայացած «Դիվանագիտությունն ալֆա է. ներկայիս մարտահրավերներն ու ապագայի պատկերը» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետն ընդգծեց, որ կովկասյան տարածաշրջանը շատ կարևոր է Ռուսաստանի համար, և այն իրավիճակը, որը ստեղծվում է Հարավային Կովկասում, շարունակվում է Հյուսիսային Կովկասում։ Նրա խոսքով` դա «Ռուսաստանի կայսերական բարդույթների» հարցը չէ, այլ օբյեկտիվ իրականություն։
«Երբ խոսում ենք ղարաբաղյան հակամարտության մասին, պետք է հիշել, որ դրա հետևանքները զգացել է նաև Ռուսաստանը, գոնե հաշվի առնելով հայկական և ադրբեջանական մեծ սփյուռքը։ Ինքս Դոնի Ռոստովում եմ մեծացել, և ինձ պետք չէ բացատրել` ինչ նշանակություն ունի Նոր Նախիջևանը հայերի համար», – ասաց փորձագետը։
Նա հավելեց, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը ՌԴ ներքին օրակարգի մաս է կազմում։
Կովկասյան իրավիճակն այն մասին չէ, թե ինչպես «կայսերականություն», ժողովրդավարություն կամ մեկ այլ որևէ բան ձևավորել։ Այն նախևառաջ հարևանության մասին է։ Եվ այստեղ կայունություն է պետք, «հարևանությունը չպետք է բոցավառվի»։
«Ռուսաստանը Կովկասում լուրջ և երկար կմնա։ Նրանք գուցե այդքան լավ չձևակերպեն իրենց շահերը, Ռուսաստանը գուցե նվազեցնի առաջնահերթությունները, բայց մտադիր չէ հեռանալ։ Հետխորհրդային տարածքն ու Կովկասը համակարգ ձևավորող և որոշիչ գործոններ են», – կարծում է նա։
Մարկեդոնովը հիշեցրեց, որ 2008 թվականի օգոստոսի 5-օրյա պատերազմի ժամանակ կարծես թե մարած օսեթա–ինգուշական հակամարտության բռնկման վտանգ կար։ Սա ակնհայտ օրինակ է` ինչու է հարևան պետություններում տիրող իրավիճակը կարևոր ներքին իրավիճակի ձևավորման ժամանակ։