ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր նոր անձինք են ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով գերատեսչությունից այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։
Մեր տեղեկություններով` ձերբակալվածները «Մեդլայն» կլինիկայի բժիշկներ են։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ. Հ.–ն։
Նշենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով նախաձեռնված հանրային քրեական հետապնդման վարույթի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էին «Մեդլայն Կլինիկ»–ի 8 աշխատակիցներ, որոնք մարտի 13–ին, ազատ արձակվեցին։
Նույն գործով մարտի 10–ին ձերբակալվել էին նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն և Երևանի փոխքաղաքապետ, նախկինում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Ընդհանուր ձերբակալված 11 անձից կալանքի միջնորդություն էր ներկայացվել 3 անձի նկատմամբ։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը մարտի 12–ին կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):