ՔՈԱՖ-ը մեկնարկում է դրամահավաք Արցախի երեխաներին աջակցելու նպատակով

Արխիվային լուսանկար
Իրավիճակի օրեցօր վատթարացումը խիստ անբարենպաստ է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սթրես, անքնություն, մղձավանջներ և ինքնարտահայտվելու դժվարություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք, Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելու համար։
Կազմակերպության աշխատանքները Ստեփանակերտում մեկնարկել են 2022 թվականից՝ 3-6 տարեկան երեխաներին տրամադրելով նախադպրոցական կրթություն և լոգոպեդի ծառայություններ, իսկ մյուս խմբերին՝ հոգեբանական և սոցիալական ծառայություններ, որոնք օգնում են տեղացիներին հաղթահարել տարածաշրջանում տիրող ճգնաժամը։ Իրավիճակի օրեցօր վատթարացումը խիստ անբարենպաստ է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սթրես, անքնություն, մղձավանջներ և ինքնարտահայտվելու դժվարություններ։
«Արցախում իրավիճակը շարունակում է վատթարանալ, այդ իսկ պատճառով ՔՈԱՖ-ի գարնանային դրամահավաքը նպատակ ունի հույս արթնացնելու արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար և ապահովելու մեր համապարփակ ծառայությունների անխափան մատուցումը»,-նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Ցանկացողները կարող են միանալ դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://bit.ly/3UbteNi։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։