ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը և հաշվապահն ազատ են արձակվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Նոր Զովք» ընկերությունը վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2 միլիարդ դրամը։
Այս գործով նախաքննությունն ավարտվել է։ «Նոր Զովք»-ի սեփականատեր Ա.Ա.-ն, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն ընդունել են դիտավորությամբ խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը։
Նշված 3 անձանց նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք` հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են։ Նրանք են «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Արամ Արամյանը, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն, ու առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ–ի տնօրեն Վ․Ս․–ն։