Մակրոնը չի կարողացել համոզել Սի Ծինփինին փոխել դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ. Politico

Մակրոնի և Ծինփինի հանդիպումը
Փարիզը կարծում է, որ Չինաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ի վիճակի է արմատապես ազդել Ուկրաինայի հակամարտության ընթացքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել ստիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին փոխել իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Politico թերթի տեղեկությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո ուկրաինական հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը փոխելու նշաններ ցույց չտվեց»,- ասվում է ամերիկյան հրատարակության եվրոպական տարբերակում։
Պարբերականի տվյալներով՝ Մակրոնը Չինաստանի նախագահին կոչ է արել դատապարտել «Ռուսաստանի ագրեսիան»։ Բայց Սի Ծինփինն իր հայտարարություններում ընդհանրապես չի հիշատակել Ռուսաստանը։
Պարբերականը նաև ուշադրություն է հրավիրել Ֆրանսիայի նախագահի` արարողակարգի կանոնների խախտման վրա. մամուլի ասուլիսին նա գրեթե երկու անգամ ավելի շատ է խոսել, քան Սի Ծինփինը, որն ընդունել է իրեն։ Մակրոնի ելույթի ժամանակ Չինաստանի առաջնորդը երբեմն անհամբեր ու նյարդայնացած հառաչել է։
Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, Ֆրանսիայի նախագահի եռօրյա այցը Չինաստան կարելի է հաջողված համարել, եթե Սի Ծինփինը Վլադիմիր Զելենսկուն Մոսկվայի հետ երկխոսության կոչ անի։ Փարիզը կարծում է, որ Չինաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ի վիճակի է անմիջապես և արմատապես ազդել Ուկրաինայի հակամարտության ընթացքի վրա։
Փետրվարի սկզբին Պեկինն առաջարկել էր ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր։ Այն ներառում է 12 կետ, այդ թվում՝ հրադադարի կոչեր, անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերի նկատմամբ հարգանք, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի հաղթահարում։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս պլանի շատ կետեր կարելի է հիմք ընդունել, երբ պատրաստ լինեն դրան Արևմուտքում և Կիևում։