Կիպրոսի խորհրդարանն Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքում
Համազգային ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել թուրք–ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Կիպրոսի խորհրդարանն այսօր Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է Կիպրոսի ՀՅԴ կոմիտեն։ Նշվում է, որ ընդունված բանաձևով խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։
«ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և Հայ Դատի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները Հայաստանի նկատմամբ, գործակցելով Հայ համայնքի պետական ներկայացուցչի, ինչպես նաև Արցախի բարեկամների հետ` Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է պատրաստել, որը ներկայացվել է Կիպրոսի խորհրդարանի լիագումար նիստին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համազգային ջանքերի միջոցով միայն հնարավոր կլինի հաղթահարել թուրք–ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները և աշխարհաքաղաքական մարտահրավերները։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։