«Իմ նախորդ կյանքից առաջացած նստվածք է». Քերոբյանը` հայկական բիզնեսի ամբիցիաների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ելույթ է ունեցել արտահանումը խթանող արդյունավետ ռազմավարությանն առնչվող գործարար համաժողովում և խոսել իր բիզնեսի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայկական բիզնեսը պետք է նոր շուկաներ գրավի, իր ստեղծած ապրանքը տարբեր երկրներ արտահանի և չսահմանափակվի դրանով։ «Հայկական բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» խորագրով գործարար համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարության նպատակն է հայաստանյան բիզնեսը հասցնել առանց սահմանների մտածողության և զինել նման ամբիցիաներով։

«Այդ ամենը թույլ կտա, որպեսզի հայկական բիզնեսը ոչ միայն տարբեր երկրներ արտահանի, այլև տարածվի, մասնաճյուղեր բացի, նոր շուկաներ գրավի։ Դա իմ նախորդ կյանքից առաջացած նստվածք է։ Ստեղծել եմ իմ բիզնեսը Հայաստանում, մի քանի մասնաճյուղ էլ բացել եմ արտերկրում։ Չնայած այդ փորձն այդքան էլ հաջող չէր, բայց շատ ընկերություններ պետք է փորձեն դա անել»,– ասաց Քերոբյանը։

Անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին` նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նախորդ տարի տնտեսական զգալի աճ է գրանցվել։ Այս տարվա առաջին 2 ամսվա արդյունքները նույնպես լավն են. տնտեսական աճի ցուցանիշը 10.9% է։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
«Երեկ մենք շատ լավ նորություն ունեցանք ինֆլյացիայի մասին։ Այն կտրուկ նվազել է՝ հասնելով 5.4 %–ի։ Դա նշանակում է, որ դրամավարկային քաղաքականության մասով կարելի է որոշակի թուլացումներ ակնկալել և ֆինանսական միջոցների հասանելիությունն էլ բարձրացնել»,- նշեց նախարարը։
Ոչ թե նստենք մի անկյունում ու սպասենք, այլ աշխատենք. Քերոբյանի հարցազրույցը
Նա հիշեցրեց, որ լիզինգի միջոցով ընկերություններին աջակցություն է ցուցաբերվում նոր սարքավորումներ ձեռք բերելու համար և հորդորեց օգտվել այդ ծրագրերից: Քերոբյանի խոսքով` դա թույլ կտա արտաքին շուկաներում մրցունակ արտադրանք ստեղծել։
Համաժողովը կազմակերպել են «Հայ գործարարների ասոցիացիան» և CDEK ընկերությունը (փաստաթղթերի և բեռների արագ առաքման ռուսական օպերատոր)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի և էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Միջոցառման ընթացքում արտահանմամբ և առցանց վաճառքով զբաղվող շուրջ 150 ընկերության ներկայացուցչի կներկայացվեն արտահանման խթանման արդյունավետ ռազմավարությունները, նոր գործիքներն ու ծրագրերը:
1 / 3

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հայկական բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» խորագրով գործարար համաժողով

2 / 3

Գոհար Գումաշյանը «Հայկական բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» խորագրով գործարար համաժողով

3 / 3

Գոհար Գումաշյանը «Հայկական բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» խորագրով գործարար համաժողով

2019–ից ի վեր ՀՀ–ում աշխատատեղերին առնչվող ցուցանիշները ուռճացված են. Մանասերյան